Հանգստյան Գոտի ԵՌԱՆԿՅՈՒՆԻ

Четверг, 09.05.2024, 01:57

Приветствую Вас Гость | RSS | Главная | Նորություններ Սևանից | Регистрация | Вход

Սևանա լճի երկու հանրային լողափերը հանգստյան օրերին ընդունել են 800-1300 հանգստացողի
15:30 | 08/ 07/ 2011

ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Նախորդ հանգստյան օրերին Սևանա լճի հանրային լողափեր այցելել է 800-1300 հանգստացող, ուրբաթ օրը լրագրողներին հայտնել է Հայաստանի բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի համակարգող Աշոտ Ավալյանը։

Սևանա լճի ափին արդեն երկու հանրային լողափ է գործում։ 1000-1500 հանգստացողների տեղավորող առաջին լողափը զբաղեցնում է մոտ 1,4 հեկտար, ափի գծի երկարությունը կազմում է 356 մետր։ 69 հեկտար մակերեսով երկորդ լողափում միաժամանակ կարող է հանգստանալ մինչև 1000 մարդ. ափի երկայնքի գիծը կազմում է 201 մետր։

«Բարեկարգ լողափային գոտիներում հանգստանալ ցանկացողների թիվը մեծ է, այդ իսկ պատճառով ակտիվորեն հետևում և օպերատիվ արձագանքում ենք ստեղծված խնդիրներին»,- ասաց Ավալյանը՝ հավելելով, որ արդեն ստիպված են եղել շեզլոնգների թիվն ավելացնել 100 հատով։

Ըստ նրա՝ երկու գործող լողափերում կարգուկանոնի ապահովման համար նաև թեժ գծի հեռախոսահամարներ են բացվել, որոնցով կարելի է հայտնել լողափերում մատուցվող ծառայությունների վերաբերյալ եղած դժգոհությունների մասին՝ 51-91-82; 077-26-70-44։

Ավալյանը հայտնեց, որ երկու հանրային լողափերի բացմանը պետբյուջեից հատկացվել է 4 մլն դրամ նախագծման համար և 66 մլն դրամ շինարարական աշխատանքների և բարեկարգման համար։

«Շինարարության ժամանակ հաշվի են առնվել հանգստացողների համար երեք հիմնական հարմարություններ՝ մոտ լինելը տրանսպորտային միջոցներին, մեկ հեկտարից պակաս զբաղեցվող տարածք և որևէ պահանջի բացակայություն»,- ասաց Ավալյանը։

Նա ընդգծեց, որ հանրային լողափերի տարածքում մի շարք անվճար ծառայություններ են գործում՝ փրկարար ծառայություն, բժշկական կետ, ավտոկայանատեղի, մանկական և սպորտային հրապարակ, արևածածկեր և շեզլոնգեր, ցնցուղ և խմելու ջուր։ Նախատեսվել են նաև հանրային սննդի կետեր, բայց վճարովի։

Ավալյանը նշեց նաև, որ լողափի սեզոնի մեկ շաբաթվա ընթացքում դժբախտ պատահարներ չեն արձանագրվել։ «Մենք պայմանավորվածություն ունենք հանրապետության ոստիկանության հետ, որի համաձայն պարեկայինները վերահսկում են տարածքը և հետևում լողափերի անվտանգությանը»,- ասաց նա։

Ավալյանն ավելացրեց, որ նախատեսվում է ընդլայնել հանրային լողափերի թիվն ու աշխարհագրությունը Սևանի մերձափնյա տարածքում։ «Մոտ 60 տեղ կառավարության որոշմամբ արդեն հատկացվել է նոր լողափերի բարեկարգման համար»,- ասաց նա։

«Տվյալ հանրային լողափերի բարեկարգումը ոչնչով չի զիջում և նույնիսկ սպասարկման որակով գերազանցում է բազմաթիվ վճարովի լողափերի»,- ասաց նա։

Սևանա լիճը խոշորագույն բարձր լեռնային լիճ է Կովկասում։ Այն գտնվում է 1900 մ բարձրության վրա, ունի 1240 քառակուսի կմ մակերես, խորությունը հասնում է մինչև 83 մետրի։ Սևանա լիճ է հոսում 28 գետ, նրանից է սկիզբ առնում Հրազդան գետը (Արաքսի վտակը)։--0--


----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


Հայկական Ժամանակ Թերթի հիմար արձագանքը Հանրային լողափի բացման կապակցությամբ
մինչ նյութը կարդալը կխնդրեմ լսել իմ հետազոտությունների մասին :
Այսպիսով ուշադիր լսեք մեր Հանգստյան գոտին գտնվում է հենց հանրային լողափի հարևանությամբ և ամենօրյա մեր զննումներ կամ ուղակի հայերեն ասաց դե մարդենք նայում ենք ելի ովա գալիս ովա գնում ասեմ, որ Հանրային լողափից օգտվում են բոլորը թե հոդվածում նշված ԳՈԼԴ մարդիք և թե արտագոլդ զանգվածը , ինձ  թվում է , որ  հոդվածի հեղինակը փորձել է ինչոր կերպ հակառակ ազդեցություն թողնել Հանրային լողափի բացման կամ օգտագործման մասին և փաստորեն չստացված հոդվածում նա ուղղակի վիրավորել է բոլորիս , սա ուղղակի ապուշություն է  


http://www.armtimes.com/26526 

<<Իսկ դու հագե՞լ ես էլիտար տրուսիկ>>

<<Նախօրեին մի քանի ժամով եղա Սեւանում, եւ իմ տեսած Սեւանն ինձ ցնցեց: Սեւանում տպավորություն ես ստանում, թե Հայաստանում մարդիկ երթեւեկում են բացառապես «Պորշ Կայեն»-ներով, յաշիկ «Բրաբուսներով», Ինֆինիտիներով: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում միայն «գոլդ» պետհամարանիշեր կան եւ ուրիշ ոչինչ: Եւ իսկապես, եթե ուրիշ պետհամարանիշերով ավտոներ կան, էս շոգ- կրակին ու՞ր են, եթե ոչ Սեւանում: Տպավորություն ես ստանում, թե Հայաստանում էնքան շատ ոսկի կա, որ բոլոր մարդիկ պարտավորված են ուղղակի` շրջել գելխեղդին արժանի «ցեփերը» վզներից կախած:
Եթե անտեղյակ մեկին բերես Սեւանի մայրուղու եզրին կանգնեցնես այս օրերին, նրան կթվա, թե հայտնվել է աշխարհի ամենազարգացած երկրում: Նույնիսկ ամենահետին, ամենաէժանագին սրճարանների, ռեստորանների դիմաց` ավտոկայանատեղիներում կայանած են բացառապես գոլդ համարներով, գոլդ ավտոմեքենաներ:

Հեռուստատեսային եթերից որքա՜ն ուրախացավ հայ ժողովուրդը Սերժ Սարգսյանի բացած հանրային լողափի կապակցությամբ: Սեւան կատարած իմ մի քանի ժամանոց այցելությունից եզրակացությունը մեկն է. Սերժ Սարգսյանի հանրային լողափը ոչ այլ ինչ է, քան Հայաստանում հիմնադրված առաջին գետտոն: Նացիստները, յանկիները քաղաքներում տեղեր էին առանձնացնում, որ համապատասխանաբար` հրեաները կամ աֆրոամերիկացիները (այն ժամանակ նրանց նեգրեր էին անվանում) այդ տեղերում ապրեն, իրենք իրենցով, այսինքն` առանց բարձր ռասայի կողմից սահմանված անհրաժեշտության դուրս չգան քաղաքի էլիտար հատված, չմխտռեն էլիտայի, բարձր ռասայի կյանքը: Հիմա էլ` Սերժ Սարգսյանը հանրային լողափ է կառուցել, որ հանրային արտագոլդ զանգվածը չգնա խառնվի էլիտար խուժանին: Պատկերացնու՞մ եք` էլիտար ավտոներ, էլիտար սերժանտներ` գոլդ տրուսիկներով` մինիմում հինգհարիր դոլլարանոց, ու մեկ էլ մի միջին-նորմալ մարդ հայտնվի սրանց արանքում: Իրականում չի էլ կարող, որովհետեւ եթե մի միջին-նորմալ մարդ հայտնվի սրանց մեջ, նորմալ ավտոյով, նորմալ տրուսիկով, դեմքի նորմալ արտահայտությամբ` անհամատեղելիության էնպիսի շոշափելի զգացումով կհամակվի, որ չի կարող հինգ րոպե մնալ:

Սա մոտավորապես այն վիճակն է, որ պատկերված է Ֆրանսիս Վեբերի հանճարեղ «Խաղալիքը» ֆիլմում` Պիեռ Ռիշարի հանճարեղ դերակատարմամբ, երբ գլխավոր հերոսը գիշերազգեստով հայտնվում է էլիտար ճաշի սենյակում: Էս իմաստով Սերժ Սարգսյանի` հանրային լողափ բացելու քայլը նույնիսկ մարդասիրական կարելի է համարել, որովհետեւ դասական գետտոներում մարդիկ բռնությամբ էին պահվում, իսկ մեզ մոտ, Սեւանի շուրջ, այնպիսի պայմաններ են ստեղծված, որ նորմալ, միջին մարդիկ ավելորդ զգան իրենց. ինքնակամ: Հանրային լողափ էլ, ախր` ո՞նց գնաս: Էդ անտերը մինչեւ ժամը ութն է աշխատում: Հենց երեխադ արդեն հավեսի է ընկել, պիտի ասես` բալա, հավաքվիր, Սերժիկ ձյաձյան փակո՞ւմ է ափը, մինչդեռ կողքը կյանքը նոր է սկսվում, լույսեր են վառվում եւ մանղալներ:

Այսինքն, ընտրությունը մեկն է. շոգ է, ինչ է, ջայնամ. վեր ընկիր տանդ: Փաստորեն, ստացվում է, որ գետտոն ոչ թե Սեւանի հանրային լողափն է, այլ Երեւանը: Հայաստանը: Հանրային լողափը նրա համար է, որ Հայաստանի արտագոլդային հատվածը հասկանա, տեղը բերի իր գետտոյական կարգավիճակը:
Էս, իհարկե, իրենց ուզածն է, իրենց մտածածը, իրենց պլանը: Բայց դե գիտեք, մենք էլ մեր մտածածը, մեր նախագիծը, մեր պլանն ունենք: Էս գոլդ հանրության վրա խաբար էլ չկա, որ իրենից ի վերջո էլիտար տրուսիկն ա մնալու:>>

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
Սեւանում սպանել են "ԷՅՋԻ" ՍՊԸ-ի տնօրենին

14:05 . 11/07

Այսօր սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Գիշերը, ժամը 00.20-ի սահմաններում, Սեւան քաղաքի Մյասնիկյան փողոցում անհայտ անձն իր մոտ եղած հրազենով կրակել է 1973-ին ծնված Մերուժան Մովսիսյանի վրա եւ դիմել փախուստի: 

Դեպքի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնում է, որ Մերուժան Մովսիսյանը տեղում մահացել է:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի տեղակալ Արշակ Կարապետյանի, Սեւանի ոստիկանության բաժնի   պետ Սամվել Գալստյանի գլխավորությամբ:

Դեպքի վայրում հայտնաբերվել է հրազենի 9 մմ տրամաչափի 4 դատարկ պարկուճ,  ինչը վկայում է,  որ արձակվել է 4 կրակոց:  Գնդակններն առգրավել եւ ուղղարկվել են ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն:

Ոստիկանության Սեւանի քննչական բաժանմունքի քննիչի որոշմաբ, հարուցվել է քրեական գործ։ Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:

Դեպքի վայրում հավաքավածները ֆոտոլրագրող Գագիկ  Շամշյանին   պատմել են, որ սպանվածը հանցագործ աշխարհում հեղինակություն համարվող Դոդ Սերոժի եղբայրն էր, ով որպես տնօրեն աշխատում էր "ԷՅՋԻ" ՍՊԸ-ում: Նշված ՍՊԸ-ն զբաղվում է գազի ներտնային սպասարկման աշխատանքներով:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Սևանի հանրային երկու լողափերը հուլիսի մեկից կարող են ընդունել քաղաքացիներին

16:02 29/06/2011 » ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սևանի հանրային երկու լողափերը հուլիսի մեկից կարող են ընդունել քաղաքացիներին

Աշխատանքային այցով այսօր Գեղարքունիքի մարզում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Ինչպես հաղորդում է Panorama.am-ի թղթակիցը, երկրի ղեկավարն այցելել Սևանի ազգային պարկի տարածքում գտնվող հանրային լողափեր, որոնք ստեղծվել են ի կատարումն նախագահի կողմից այս տարվա փետրվարի 25-ին տրված հանձնարարականի: Դրանք նպատակ ունեն ապահովելու  ազգաբնակչության կողմից Սևանի անվճար և ազատ ջրօգտագործումը, հանգստի օրինակելի ու արդյունավետ կազմակերպումը: Նախագահ Ս. Սարգսյանը շրջեց ու ծանոթացավ լողափերի տարածքում իրականացվող աշխատանքներին: 

Առաջին հանրային լողափում լրագրողների զրույցում բնապահպանության նախարար Արամ Հարությունյանը նշեց, որ քաղաքաշինության նախարարության կողմից մշակվել է Սևանի առափնյա տարածքների գոտիավորման և տարածական զարգացման ծրագիր, որի համաձայն նախատեսվում է Սևանում ստեղծել շուրջ 65 հանրային լողափ: Նախարարն ասաց, որ այս հանրային լողափը զբաղեցնում է 1.4 հա տարածք, իսկ երկարությունը ընդհանուր առմամբ 365 մետր է: Այն կարող է սպասարկել 1000-1500 մարդու հենց հուլիսի մեկից: Այն ամբողջությամբ վերանորոգվել է, ապահովված փրկարար ծառայության սպասարկմամբ, բուժանձնակազմով, ողջ աշխատանքները տևել են մեկ ու կես ամիս: 2-րդ հանրային լողափը, ըստ նախարարի, ևս կահավորված է, այստեղ ափի երկարությունը 200 մ է: Կան ավտոկանգառներ, խաղահրապարակներ: Նախարարն ասաց, որ բոլոր ծառայությունները, բացի հանրային սննդից անվճար են, պահպանման ու սպասարկման որոշ գործառույթներ իրականացնելու է «Սևան» ազգային պարկը, իսկ պայմանագրային հիմունքներով սննդի սպասարկումը իրականացնելու է «Սթար գրուպը»: Սննդի գները կլինեն նույնը, ինչ ցանցի մայրաքաղաքի խանութներում: 

Հիշեցնենք, որ այս տարվա ապրիլի 28-ին ՀՀ նախագահի հանձնարարկանով կառավարությունը որոշում է ընդունել «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում, 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում Սևան համայնքի վարչական սահմանում գտնվող տարածքից հողամաս տրամադրել հանրային լողափերի կազմակերպման համար։ Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 66000.0 հազար դրամ։ Հանրային լողափերի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի կազմակերպմանը։ «Սա այն որոշումն է, որ մենք ընդունեցինք ՀՀ Նախագահի հանձնարարականով: Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանան հանգստանալ Սևանում և անվճար օգտվել լողափերից։ Մեր հատկացրած գումարով լողափերը կարգի կբերվեն և քաղաքացիների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ»,-այդ օրվա նիստում հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը: 

Այս ամսվա կեսերին էլ փոխվարչապետը Գեղարքունիքի մարզպետի հետ լողափերի տարածք այցելության ժամանակ հորդորել է աշխատանքներն իրականացնել այնպես, որպեսզի լողափերի շահագործումը չուշանա, և քաղաքացիները հնարավորություն ունենան ժամանակին կազմակերպել իրենց հանգիստը:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Սևանում հանրային լողափ կազմակերպելու նպատակով զանգվածային ծառահատում է սկսվել (լուսանկարներ)

19:14 • 10.05.11

Բնապահպանության նախարարի հրահանգով Սևանի թերակղզու տարածքում
հանարային լողափ կազմակերպելու նպատակով սկսվել է զանգվածային ծառահատում։ Այս մասին, «Ռադիո հայի» փոխանցմամբ, տեղեկացնում է «Իրավական պետություն» քաղաքացիական
նախաձեռնությունը։


Նշվում է, որ մայիսի 8-ի դրությամբ հատվել է 115 ծառ։ Ծառահատվող հատվածը գտնվում է լճի ափից 25-30 մ հեռավորության վրա։ Ծառահատման գործողությունները կասեցվել են Սևանի ոստիկանության կողմից, քանի որ հատողների մոտ չի եղել ծառահատման՝ օրենքով սահմանված թույլտվության համապատասխան փաստաթուղթ։                                                                                                 
  

  

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------


ՍԵՎԱՆԻՑ ԲԱՑ ԿԹՈՂՆՎԻ 142 ՄԼՆ ԽՄ ՋՈՒՐ

Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ համակարգից սնվող ոռոգման համակարգերի իշխման գոտում գտնվող, ինչպես նաև Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերից սնվող հողատարածքների ոռոգումն ապահովելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է ոռոգման նպատակով Սևանա լճից 2009թ. ոռոգման շրջանում Սևան-Հրազդան իռիգացիոն-էներգետիկ և Սևանա լճից մեխանիկական ոռոգման համակարգերով ջրառի չափաքանակը սահմանել մինչև 142 մլն խորանարդ մետր: Այս մասին հայտնեցին կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

  Աշխատանքի տոնավաճառներ՝ Հրազդանում եւ Սեւանում
   

 Հունիսի 28-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում եւ հունիսի 29-ին Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ եւ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության նախաձեռնությամբ տեղի կունենան աշխատանքի տոնավաճառներ: 

Այս աշխատանքի տոնավաճառները 2011թ-ի ընթացքում պետական բյուջեի ֆինանսավորմամբ նախատեսված տոնավաճառներից առաջինն են: Հրազդանում դրանց մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 40 գործատու, որոնք նախատեսում են ներկայացնել շուրջ 110 առկա եւ 82 կանխատեսվող թափուր աշխատատեղ: Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 1000 աշխատանք փնտրող: 

Սեւանում կներկայանա շուրջ 46 գործատու, որոնք նախատեսում են ներկայացնել շուրջ 118 առկա եւ 139 կանխատեսվող թափուր աշխատատեղ: Կանխատեսվում է, որ տոնավաճառին կմասնակցի շուրջ 600 աշխատանք փնտրող: 

--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Սևանն աղտոտվում է առաջին կարգի թունավոր նյութերով

ՄԱՅԻՍ 10, 2011
Սևանն աղտոտվում է առաջին կարգի թունավոր նյութերով

Սևանում «Գեոպրոմայնինգ»  ընկերության կողմից նոր անօրինական արտադրամասի շահագործման արդյունքում առաջացած բնապահպանական խնդիրներով մտահոգված բնապահպանները պահանջում են ապամոնտաժել այն:

Այսօր' մայիսի 10-ին, բնապահպանները ևս մեկ անգամ բարձրաձայնեցին, որ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը անօրինական ձևով հանքաքարի մանրացման արտադրամաս է տեղադրել Սևանա լճի մոտ Սոտքի ոսկու գործարանում, որը ջարդում է ապարը, մաղում այն՝ կորզելով հանքաքարի ոսկու և արծաթի պարունակությունը, իսկ մնացած հանքաքարը թափոնների տեսքով մնում է Սևանում:

«Ըստ ակադեմիկոս Սերգեյ Գրիգորյանի՝ Սոտքի հանքի շահագործման արդյունքում մենք կունենանք մոտ 300 մլն տոննա թափոն' սուլֆիդային ագրեսիվ շատ էլեմենտներ' մկնդեղ, քրոմ, կադմիում եւ այլն, որոնք թունավորության առաջին աստիճանի նյութեր են: Սոտք գյուղը, երբ վերջանում է՝ մինչև Քելբաջարի սահմանը 6 կմ տարածքով երկու կողմից էլ ճանապարհին արդեն կան թափոններ, որոնք կես տարին մեկ կիլոմետրով են ավելանում ու ոչ ոք դրա համար պատասխանատվություն չի կրում»,- www.hra.am -ին հայտնում է «Էկոլուր» հասարակական կազմակերպության տնօրեն Ինգա Զարաֆյանը:

Այժմ և հետագայում սպասվող տեղումներն ավելի են արագացնում նման թունավոր նյութերի հոսքը Սևան:

Արդյունքում նախ խախտվում է ՀՀ Սևանա լճի մասին օրենքի 10-րդ հոդվածը, ըստ որի  կենտրոնական, անմիջական և ոչ անմիջական ազդեցության գոտիներում արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն,անմիջական ազդեցության գոտում արգելվում են'
ա) էկոլոգիապես վնասակար, օրենսդրությամբ սահմանված թույլատրելի նորմերը գերազանցող արտանետումներ և կեղտաջրեր առաջացնող տեխնոլոգիաների օգտագործումը.
բ) ռադիոակտիվ նյութերի և թափոնների, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի համար վտանգավոր կամ թունավոր այլ նյութերի արտադրությունը, օգտագործումը, պահեստավորումը և տեղադրումը.
գ) հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:

Խախտվում է նաև  ՀՀ Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին  օրենքը, քանի որ, ըստ ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մկրտչյանի՝ «Գեոպրոմայնինգ» ընկերությունը չունի  արտադրամասի փորձաքննության դրական եզրակացություն:

«Շատ ցավալի է, որ բնապահպանության նախարարությունն արագ չի արձագանքում նման երևույթներին ու արտադրամաս կառուցելուց հետո են միայն տեղեկանում այդ մասին»,- ասում է «Հայաստանի անտառներ» հասարակական կազմակերպության նախագահ Նազելի Վարդանյանը:

Մեկ այլ բնապահպան՝ ԱԺ բնապահպանական, սոցիալական և առողջապահական հանձնաժողովի նախկին նախագահ Գագիկ Թադևոսյանը մտահոգված է, քանի որ նման արտադրամասի կառուցումը սկիզբ կարող է դնել ոսկու վերամշակման ամբողջական գործընթացի տեղափոխմանը Արարատ քաղաքից դեպի Սոտք։ «Սոս» բնապահպանական շարժումը նախորդ երկու տարիների պայքարի արդյունքում կարողացավ կանխել այն և ստեղծվեց ՀՀ նախագահին առընթեր Սևանի հիմնահարցերով զբաղվող հատուկ հանձնաժողով:

Խնդիրը լուծելու համար բնապահպանները դիմել են ինչպես վերոնշյալ հանձնաժողով, այնպես էլ՝ ՀՀ Բնապահպանության  և Էկոնոմիկայի  նախարարություններ, որտեղից պաշտոնական գրավոր պատասխան չեն ստացել:

«Մենք հրամայել ենք դադարեցնել արտադրամասի շահագործումը, մինչև «Գեոպրոմայնինգը» չներկայացնի փորձաքննության արդյունքները»,- www.hra.am-ին հայտնեց  ՀՀ Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Աստղիկ Մկրտչյանը:
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------

Մուտքի ձև

Փնտրել

Մեր Հարցումը

Оцените мой сайт
Всего ответов: 149

Վիճակագրություն


Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0
http://gorgeghamian.wordpress.com/